Գիտնականը կարծիք է ներկայացրել, որ կորոնավիրուսը Չինաստանում չի առաջացել
Օքսֆորդի համալսարանի բժշկության կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ Ջեֆերսոնը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսն աշխարհով մեկ տարածվել է ոչ Չինաստանից:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», փորձագետի կարծիքով՝ ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, որ այս կորոնավիրուսն արդեն վաղուց, գուցե տասնամյակներ, գոյություն է ունեցել աշխարհի տարբեր տարածաշրջաններում, սակայն գտնվել է «քնած» վիճակում, և հենց որ համապատասխան արտաքին պայմաններ են ստեղծվել վիրուսի համար, այն «արթնացել է»:
Իբրև իր վարկածի հաստատում փորձագետը ներկայացնում է կորոնավիրուսի համաճարակի բռնկումից առաջ աշխարհի տարբեր շրջաններից վերցված կոյուղաջրի փորձանմուշների ուսումնասիրության արդյունքները: Նրա խոսքով՝ կորոնավիրուս հայտնաբերվել է Բարսելոնայում 2019-ի մարտին, Թուրինում 2019-ի դեկտեմբերին, բրազիլական Ֆլորիանապոլիսում 2019-ի նոյեմբերին վերցված կոյուղաջրերի փորձանմուշներում:
«Նման տարօրինակություններ տեղի են ունեցել նաև իսպանական գրիպի դեպքում: 1918 թվականին Արևմտյան Սամոայի բնակչության մոտ 30 տոկոսը մահացել է իսպանական գրիպից, թեև նրանք ոչ մի շփում չեն ունեցել արտաքին աշխարհի հետ: Դրա բացատրությունը կարող է լինել միայն հետևյալը. այդ վիրուսները չեն գալիս և հեռանում: Դրանք միշտ առկա են, սակայն ինչ-որ բան ստիպում է դրանց ինչ-որ պահի գլուխ բարձրացնել: Գուցե, դա շրջակա միջավայրի պայմաններն են կամ բնակչության խտությունը: Ահա թե ինչ պետք է պարզենք»,- պարզաբանել է մասնագետը:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11.5 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 537 հազարը:
Կարծիքներ