Բարեփոխումների արդյունքում հաշտարարների համայնքը համալրվել է շուրջ 80-ով
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Հաշտարարության ոլորտի բարեփոխումների հեռանկարները» խորագրով աշխատաժողովին՝ նշելով որ վերջին տարիներին հաշտարարության ոլորտում իրականացված բարեփոխումները կարևոր ազդեցություն են ունենալու արդարադատության համակարգի վրա։
Նախարարի տեղակալը հայտնել է, որ հաշտարարների համայնքը համալրվել է շուրջ 80 նոր հաշտարարով, որոնք անցել են միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան վերապատրաստում: Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև առաջիկայում պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրմանը, ինչը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Կարեն Կարապետյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը հաշտարարության ոլորտի զարգացման գործում:
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն անդրադարձել է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորմանը, որը սպասվում է այս տարվա աշնանը: Տիգրան Դադունցը հատկապես կարևորել է հաշտարարների ակտիվությունը՝ զբաղվելու հաշտարարական գործերով, համախմբվելու ինքնակարգավորվող կազմակերպության շուրջ, իրենց ներդրումն ունենալու համայնքի կայացման հարցում:
Տիգրան Դադունցը հայտնել է, որ առաջիկայում նախարարությունը կազմակերպելու է ոչ ֆորմալ քննարկումներ հաշտարարների համար՝ կիսվելու իրենց մտքերով, գաղափարներով, որին արդեն կհաջորդի հաշտարարների ընդհանուր ժողովի հրավիրումը և նոր խորհրդի ու նախագահի ընտրությունը: Տիգրան Դադունցը հորդորել է նաև բոլոր հաշտարարներին ակտիվ ներգրավվել ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության գործընթացին, որպեսզի հնարավոր լինի կայացնել այդ բարեփոխումը:
Հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը ներկայացրել է հաշտարարությանն առնչվող օրենսդրության առաջիկա բարեփոխումները և Սինգապուրի կոնվենցիայի վավերացման կարևորությունը՝ միջազգային հաշտարարության գործընթացներին ինտեգրվելու և երկրի հեղինակությունը բարձրացնելու համար։
Աշխատաժողովի ընթացքում տեղի է ունեցել ակտիվ քննարկում և հարցուպատասխան, հաշտարարները ներկայացրել են իրենց առաջարկները, դիտարկումները, մտահոգությունները՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության վերաձևավորման հարցերի, ինչպես նաև հանրային քննարկման ներկայացված՝ «Հաշտարարության մասին» օրենքում նոր փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Աշխատաժողովի շրջանակներում իրականացվել է նաև, վերջին երկու ամիսների ընթացքում որակավորման հերթական շրջափուլի արդյունքում, որակավորված շուրջ 40 հաշտարարների վկայագրերիհ հանձնման արարողությունը:
Կարծիքներ