Պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կստանան ուսվարձի զեղչ նոր կարգով
Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:
Այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Այս ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին` հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել:
Միաժամանակ ուսման վարձի փոխհատուցումը շարունակական դարձնելու և այն որպես սովորողի հիմնական իրավունք ամրագրելու նպատակով Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներում: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին: Ըստ այդմ՝ Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան կարգ, որով մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր կօգտվեն ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչերից` ըստ առաջադիմության:
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» նոր նախագիծ, որն այժմ ներկայացված է այլ շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցմանը, և ակնկալվում է, որ կընդունվի մինչև հոկտեմբեր ու կտարածվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում տրամադրվում է`
ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով` հաշվի առնելով նախորդ կիսամյակի կամ տարվա միջին որակական գնահատականի (ՄՈԳ) ցուցանիշները,
առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և դրանց թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի,
ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,
զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,
պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
Նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվում է՝
ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,
սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին,
մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,
առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:
Վերը նշված խմբերն ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է ապահովեն ՄՈԳ-ի որոշակի շեմ. վարձավճարի զեղչը կավելանա ՄՈԳ-ի ցուցանիշի բարձրացմանը զուգահեռ:
Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման արտոնությունները տարածվում են նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների վրա:
Կարծիքներ