Միրզոյանն ու ՄԹ արտաքին հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Միրզոյանն ու ՄԹ արտաքին հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հեռախոսազանգի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած՝ հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը:

Անդրադառնալով տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում