ՌԴ-ն ու Հնդկաստանը քննարկում են Հյուսիսային ծովային ճանապարհի կողքին կոնտեյներային գծի ստեղծումը

ՌԴ-ն ու Հնդկաստանը քննարկում են Հյուսիսային ծովային ճանապարհի կողքին կոնտեյներային գծի ստեղծումը

Ռուսաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հյուսիսային ծովային ճանապարհի կողքին անդրարկտիկական կոնտեյներային գիծ ստեղծելու և վերամշակող օբյեկտներ կառուցելու հնարավորությունը:

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նման հայտարարություն է արել ՌԴ Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Չեկունկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Ինչպես հաղորդում Է Արևելքի զարգացման նախարարությունը, Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ ռուսական պատվիրակության՝ երեքշաբթի օրը կայացած հանդիպման գլխավոր թեման դարձել է Հյուսիսային ծովային ճանապարհի օգտագործումը բեռների հուսալի և անվտանգ փոխադրման համար:

«Քննարկվել է Հնդկաստանից Եվրոպա բեռների առաքման այլընտրանքային ուղու ստեղծումը ոչ թե հարավային կամ արևմտյան, այլ արևելյան երթուղիներով՝ Հյուսիսային ծովային ճանապարհով, գործարկելով ինչպես ռուսական, այնպես Էլ հնդկական նավահանգիստների կարողությունները: Վլադիվոստոկից Հնդկաստան կոնտեյների առաքման արժեքը մեկ երրորդով պակաս Է, քան Մոսկվայից կոնտեյների առաքման արժեքը», - ասվում է Չեկունկովի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Դամու Ռավիի հետ հանդիպմանը քննարկվել է սոցիալական ոլորտը։ Կողմերը քննարկել են Հեռավոր Արևելքում համատեղ կրթական ծրագրեր և ուսանողական ավան ստեղծելու առաջարկը՝ բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության մասնագիտությունների առաջնահերթությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում