Մսի սպանդանոցային ծագման ոչ պլանային ստուգումներով անցած տարի խախտումներ համեմատաբար շատ են գրանցվել

Մսի սպանդանոցային ծագման ոչ պլանային ստուգումներով անցած տարի խախտումներ համեմատաբար շատ են գրանցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացված ոչ պլանային ստուգումների արդյունքում անցած տարի արձանագրված խախտումների թիվը 2022 թվականի համեմատ աճել է: 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  ղեկավար Արմեն Հայրապետյանը 2023 թվականի  գործունեության ամփոփմանը նախ  տեղեկացրեց, որ գործող սպանդանոցների թիվը անցած տարի հասել է 101-ի՝ նախորդ տարվա 99-ի փոխարեն:

«Իրականացվել է 271 ոչ պլանային ստուգում՝ 2022 թվականի 270-ի փոխարեն: Արդյունքում հայտնաբերվել է 130 խախտում՝ նախորդ տարվա 93-ի դիմաց»,-ներկայացրեց նա:

Հայրապետյանի խոսքով՝ արդեն իսկ ներդրվել է սպանդանոցային մորթի կառավարման նոր ծրագիր, որով պարտադիր է դարձել կենդանու հաշվառման համարի գրանցումը, դրոշմակնիքի առկայությունը մսի կտորների վրա և պարտադիր է դարձրել մորթը փաստող տեսահոլովակի ներբեռնումը վկայականի ստացման համար:

Արդյունքում բացառվել է առանց փաստացի մորթի  անասնաբուժական համապատասխան վկայականի տրամադրումը: 

Անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով աճել է խոշոր եղջերավոր անասունների մորթը սպանդանոցային պայմաններում, որը նախորդ տարվա 954-ի փոխարեն կազմել է 2374, իսկ խոզերի սպանդանոցային մորթի ցուցանիշը 826-ից հասել է 1476-ի: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում