Հայ մասնագետները առաջին օգնության խորհուրդներով բջջային հավելված են մշակել

Հայ մասնագետները առաջին օգնության խորհուրդներով բջջային հավելված են մշակել

Հայ մասնագետները բջջային հավելված են մշակել սմարթֆոնների համար` տարբեր իրավիճակներում` վնասվածքների, արյունահոսության, օձի եւ միջատների խայթոցների, ցնցումների եւ այլ դեպքերում, առաջին բուժօգնության վերաբերյալ խորհուրդներով:

«Իրական դպրոցում» առաջին բուժօգնության դասընթացների ուսուցիչ Սաթենիկ Մնացականյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ First Aid-Armenia հավելվածի հիմքում 2016 թվականին Instigate-ում Սպարտակ Հովհաննիսյանի կողմից անցկացված դասընթացների ժամանակ նկարահանված տեսանյութերն են, ինչպես նաեւ` տվյալներ Արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի կողմից հրատարակված «Առաջին օգնության հիմունքները» գրքից:

Հավելվածը բավականին պարզ է եւ ինտուիտիվ առումով հասկանալի օգտագործման համար. հավելվածը բացելիս մենք մի քանի կատեգորիա է տեսնում` արյան շրջանառության համակարգ (արյունահոսություն եւ այլն), հենաշարժիչ համակարգ (կոտրվածքներ եւ այլն), սրտաթոքային վերակենդանացում, խայթոցներ, ցնցումներ եւ այլն:

Յուրաքանչյուր կատեգորիա մտնելով դուք կարող եք տեսնել այդ կատեգորիայի հետ կապված խնդիրների ցանկը, որոնց դեպքում առաջին բուժօգնություն է պահանջվում: Ցանկից կարող եք ընտրել ձեր ուզած խնդիրը կամ իրավիճակը եւ կարդալ գործողությունների հրահանգները, որոնք սովորաբար ուղեկցվում են նկարազարդումներով:

Հավելվածում նաեւ բաժին կա, որը պատմում է, թե ինչ պետք է ունենալ առաջին օգնության պայուսակում եւ ինչպես եւ ինչ իրավիճակներում պետք է օգտագործվեն այդ պարագաները/դեղերը:

Ինչպես նշել է մասնագետը, այս հավելվածի մշակմանը մասնակցել են մի շարք կամավորական խմբեր, այդ թվում` «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը (պատասխանատու էին կոնտենտի մշակման համար), «Ստորակետ» ճարտարապետական ​​ստուդիան եւ Backbone Branding-ը (նկարազարդումներ), SmartClick-ը ( կիրառման մշակում):

Սաթենիկ Մնացականյանը շեշտել է, որ այս հավելվածը միայն առաջին բուժօգնության ցուցումներ է պարունակում եւ ոչ մի կերպ չի կարող փոխարինել մասնագետի կողմից տրամադրվող բժշկական օգնությանը:

Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել Android եւ iOS համակարգերով աշխատող հեռախոսների համար: Սակայն հավելվածի մշակումը դեռ շարունակվում է, ժամանակ առ ժամանակ դրանում նոր բաժիններ եւ տվյալներ են ավելացվում:

Android

https://play.google.com/store/apps/details?id=com.studio.am.abo_app&fbclid=IwAR3_PcFjq40lYF_T_RIvCxnkr2en19ceSOHgVJERYLWsndnaZgwB4NPLf7Y

Apple

https://apps.apple.com/am/app/first-aid-armenia/id1534323453?fbclid=IwAR0Go39h87jN--mSe6pXrcIoagy8-hntClVqEx8rlG4UIlvpfJfwUvi2WmA

Հետևեք մեզ նաև Տելեգրամում