Ծանրամարտիկները կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ

Ծանրամարտիկները կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ

Հայաստանի ծանրորդներն այսուհետ կմարզվեն միջազգային նոր չափանիշներին համապատասխանող մարզագույքով:

Կառավարության որոշմամբ ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերն Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար):   

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ հավաքական թիմի մարզիկները մինչև Օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն պարապել նոր՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամառային Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «ELEIKO» ապրանքանիշի մարզագույքով:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված 2021 թվականի բյուջեում` անհրաժեշտ ժամանակահատվածում ծանրամարտի ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով և մրցումային հարթակով  ապահովելու համար:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, նկատի ունենալով հարցի հրատապությունը, անհրաժեշտ գույքի ձեռքբերումը կիրականացնի մեկ անձից գնման ձևով:

Նշենք, որ ներկայում հանրապետությունում գործող մարզադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերի մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որը չի համապատասխանում միջազգային պահանջներին:

Հավելենք նաև, որ նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` որոշման նախագծում կատարվել է փոփոխություն, ինչի արդյունքում ծանրամարտով զբաղվող մարզիկները Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան միջազգային չափանիշներին համապատասխանող մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար):  

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում