Թուրքիայում կրկին արգելափակվել է ազատ խոսքի արտահայտման հարթակներից մեկը
Թուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։
Այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես նշվել է, որ Ekşi Sözlük-ի նոր դոմենը` eksisozluk2023.com, Անկարայի 6-րդ քրեական դատարանի որոշմամբ կրկին արգելափակվել է։
Ավելի քան 400 հազար բաժանորդ ունեցող Ekşi Sözlük անունով հայտնի առցանց հարթակի հիմնական դոմենը փակվել էր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին՝ փետրվարի 21-ին՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության» հիմնավորմամբ։
Բառարանի արգելափակումը քննադատել էին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Ք․Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Է․ Իմամօղլուն և այլ ընդդիմադիր գործիչներ։ «Ամենակրիտիկական ժամերին փակեցին Twitter-ը, չկարողացա լսել օգնության կոչերը։ Հիմա էլ կտրեցին բառարանի ձայնը»,-գրել էր Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը հորդորելով ձեռքերը հեռու տանել Ekşi Sözlük-ից։
Կարծիքներ