Քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել են բարձր ճշտություն ապահովող կշեռքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մինչև 1.2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված և հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում:
Բարձր ճշտություն ապահովող կշեռքների միջոցով հնարավոր է որոշել նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի զանգվածները: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը» քաղաքացիների համար առաջիկայում կհայտարարի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր դիմողները (կամավոր սկզբունքով) հնարավորություն կստանան անվճար ճշտելու իրենց` թանկարժեք մետաղից պատրաստված իրերի իրական քաշը:
Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված կշեռքները լեհական «Ռադվագ» ապրանքանիշի են: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին կառավարության կողմից հատկացվել են նաև համեմատիչ կշեռքներ (Mass Comparators), E1-M2 դասի կշռաքարեր և կշռաքարերի հավաքածուներ (1 մգ – 50 կգ) և այլ օժանդակ սարքավորումներ:
Կարծիքներ