Մենք իրար օգնում ենք, և այդպես կլինի միշտ. ինչպես ռուս և ֆրանսիացի կինոլոգներն օգնության հասան հայ փրկարարներին
Կինոլոգներ՝ ազգությամբ ռուս Օքսանան և ֆրանսիացի Դենիսը օգոստոսի 14-ին հանգստյան օրն անցկացնում էին Հայաստանի սարերից մեկում, երբ իմացան «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Ամուսնական զույգն անմիջապես շտապել է օգնության հասնել հայ փրկարարներին:
Օքսանայի ու Դենիսի հետ կապվել էին իրենց վաղեմի գործընկերները Հայաստանի փրկարար ծառայությունից, որոնց հետ մասնակցել էին միջազգային վարժանքների և սերտ համագործակցություն ունեն: Տեղեկություն ստանալուց անմիջապես հետո նրանք ուղևորվում են Երևան, հանդերձավորվում և կինոլոգիական շների՝ Շիվայի և Շակտիի հետ ժամանում «Սուրմալու» առևտրի կենտրոն:
«Այդ ժամանակ Երևանից դուրս սարերից մեկում զբոսնում էինք, հանգստանում, բայց պայթյունի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո վերադարձանք Երևան: Մենք աղջիկ ունենք, չգիտեինք՝ նրան ում մոտ թողնել, ինչը հավելյալ խնդիրներ առաջացրեց, այդ իսկ պատճառով դեպքի վայր ժամանեցինք մի փոքր ուշ՝ 6 ժամ անց, բայց նույնիսկ եթե շուտ հասնեինք, կինոլոգիական ծառայություն հնարավոր չէր լինի իրականացնել, որովհետև դեռևս շարունակվում էին պայթյունները, հրդեհը: Սկզբում անհրաժեշտ է հաստատել մինիմալ անվտանգ պայմաններ փրկարար ծառայության աշխատակիցների և շների համար, որից հետո սկսել աշխատանքը: Բայց նույնիսկ այդ բարդ պայմաններում Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները գերազանց աշխատեցին և կարողացան հենց սկզբից փրկել մարդկանց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Օքսանան:
Օքսանան և Դենիսը գերմանական «@fire International Disaster Response Germany» կազմակերպության անդամներ են: Շներին վարժեցրել են կազմակերպության ծրագրի շրջանակներում: Ավելի քան 400 անդամ ունեցող կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում աղետների ժամանակ աշխարհի ցանկացած կետում:
«Մեր կազմակերպությունը օգնության է հասնում անտառային հրդեհների, պայթյունների, երկրաշարժների ժամանակ: Ներկայումս մեր կազմակերպության անդամների մի մասը Գերմանիայում պայքարում է անտառային հրդեհների դեմ: Մեր կազմակերպությունը օգնություն է ցուցաբերել 2021 թվականի օգոստոսին Լիբանանում ուժգին պայթյունի ժամանակ»,- ասաց Օքսանան:
Օքսանան նշում է, որ հայ փրկարարները շատ լավ են աշխատել նման բարդ և քաոտիկ պայմաններում ու կարողացել են կատարել իրենց խնդիրը:
«Գիտեք, որքան ժամանակն անցնում է, այդքան նվազում է փլատակներում մարդկանց ողջ մնալու հավանականությունը, մանավանդ հրդեհի ու ծխի առկայության դեպքում: Շատ դժվար պայմաններ էին: Գիտեմ, որ հասարակության մոտ հարցեր էին առաջացել, թե ինչու որոնողափրկարարական աշխատանքներն արագ չեն ընթանում: Կարող եմ ասել հետևյալը, որ աշխատանքները արագ չեն կարող ընթանալ, դա որոշակի ժամանակ է պահանջում: Շատ դժվար պայմաններ էին, և փրկարար ծառայողները գերազանց կատարեցին իրենց աշխատանքը: Սա մեր առաջին համագործակցությունը չէր Հայաստանի փրկարար ծառայության հետ, և մեր միասնական աշխատանքը հրաշալի էր: Երեկ գիշերը (oգոստոսի 16-ին-խմբ.) մեր շները կարողացան գտնել անհետ կորածի հետք, որից հետո փրկարարները սկսեցին իրականացնել որոնողական աշխատանքները»,- ասաց Օքսանան:
Օքսանան և Դենիսը գրեթե մեկ տարի է՝ ապրում են Հայաստանում: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդիկ բարի են:
«Աշխարհը շատ փոքր է: Հայաստանի փրկարարների հետ ես ծանոթացել եմ միջազգային վարժանքների ժամանակ, և այնտեղից ենք մենք իրար ճանաչում: Մենք իրար օգնում ենք, այդպես եղել է և, կարծում եմ, այդպես կլինի»,-եզրափակեց Օքսանան:
Կարծիքներ