ABBA խումբը պահանջել է, որ իր երաժշտությունը չօգտագործվի Թրամփի քարոզարշավի ժամանակ
Universal Music մեդիահոլդինգը և ABBA խմբի մասնակիցները պահանջել են դադարեցնել ABBA-ի երաժշտության օգտագործումն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Universal Music-ի շվեդական ստորաբաժանման PR բաժնի ղեկավար Ֆրիդա Սքուգը։
«ABBA խմբի մասնակիցների հետ միասին մենք պարզեցինք, որ Թրամփի միջոցառումների ժամանակ թողարկվել են տեսահոլովակներ, որոնցում օգտագործվել է ABBA-ի երաժշտությունը, ուստի մենք պահանջել ենք անհապաղ հեռացնել դրանք և դադարեցնել դրա օգտագործումը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Սքուգի խոսքով՝ Universal Music մեդիահոլդինգը և շվեդական Polar Music ձայնագրող ընկերությունը ABBA-ի երաժշտությունն օգտագործելու հարցումներ չեն ստացել, ուստի Թրամփին որևէ թույլտվություն կամ արտոնագիր չի տրվել։Շվեդական ԶԼՄ-ները գրում են, որ Մինեսոտայում Թրամփի նախընտրական միջոցառման ժամանակ հնչել են ABBA-ի «The Winner Takes It All», «Money, Money Money» և «Dancing Queen» երգերը։
ABBA խումբը միացել է այն կատարողներին, որոնք պահանջում են, որ Թրամփը դադարեցնի հրապարակավ իրենց երաժշտության օգտագործումը: Ինչպես գրում են շվեդական ԶԼՄ-ները, նրանց թվում են երգչուհիներ Սելին Դիոնը, Ռիհաննան, E Street Band խմբի ղեկավար Բրյուս Սփրինգսթինը և երգիչ Նիլ Յանգը։
Ավելի վաղ ամերիկացի երաժիշտ Այզեք Հեյզի ընտանիքը հայտարարել էր, որ դատական հայց է ներկայացնում Թրամփի և նրա նախընտրական շտաբի դեմ, քանի որ Թրամփը երկու տարի շարունակ առանց թույլտվության օգտագործել է արտիստի երգը նախընտրական հանրահավաքների ժամանակ։
Կարծիքներ