Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:
Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Կարծիքներ