Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է, քան երբևէ, անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ. վարչապետ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը։ 

Միջոցառմանը ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, ավելի քան 7 հազար մարդ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել «Պետության հարատևության բանաձևը» ելույթով, որում, մասնավորապես, նշել է․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,

օրենսդիր, գործադիր իշխանությունների, դատական, իրավապահ համակարգերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, անկախ և ինքնավար մարմինների, հատուկ ծառայությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ զինծառայողներ, ոստիկաններ, փրկարարներ, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների հարգելի՛ աշխատողներ, սիրելի՛ ուսանողներ և աշակերտներ, սիրելի՛ ժողովուրդ,

Պետական մարմինների ներկայացուցիչների այս Համաժողովն առաջինն է Հայաստանի պատմության մեջ։ Համաժողովն ինքն իրենով պետության՝ Հայաստանի Հանրապետության դերի և նշանակության վերարժևորման արտահայտություն է, մեր ժողովրդի համար պետության ոչ միայն կարևորությունը, այլև կենսականությունն ընդգծելուն ուղղված միջոցառում։

Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումով, որովհետև հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։

Այս համատեքստում, պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ, պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը։

Հետևաբար, պետական մարմիններն աշխատանքի և լիազորությունների բաժանմամբ հանդերձ մի մեծ մասով ընդհանուր գործ են անում, իսկ ընդհանուր գործի արդյունավետության և գիտակցության մի կարևոր նախապայման կա․ գաղափարաբանությունը, ընդհանուր գաղափարաբանությունը, պետության մասին ռազմավարական ընդհանուր պատկերացումը, առանց որի՝ պետական համակարգի և նրա որևէ մարմնի որևէ աշխատողի աշխատանքի որակը, սկսած վարչապետից, շարունակած որևէ նախարարության կրտսեր մասնագետով, չի կարող լինել պատշաճ։

Որովհետև աշխատանքը և նրա որակն ինքնահայաց չեն և դրանց գնահատականը կախված է նրանից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել։ Ցանկացած աշխատանք միկրոգործողությունների շղթա է, բայց ամեն օր մեզնից յուրաքանչյուրի կողմից իրականացվող աշխատանքային միկրոգործողությունը կարող է ժամանակի, ռեսուրսի և էներգիայի սովորական վատնում լինել, եթե գիտակցական կամ ենթագիտակցական կապով կապված չէ մակրոնպատակի, մեծ նպատակի հետ։

Սա առավելևս վերաբերվում է պետական մարմիններին, որովհետև պետական մարմինները պետության շարժիչն են, պետության անիվները, պետության ղեկը և այն ամենը, ինչ ապահովում է պետության ընթացքը։ Եվ հետևաբար, պետական մարմինները որքան էլ գործառութային և լիազորությունների բաժանումներ ու տարբերություններ ունենան, պետք է միավորված լինեն ներդաշնակության որոշակի ռիթմով, զգացողությամբ ու համակարգով, այնպես, ինչպես անկախ, բայց ներդաշնակության որոշակի ռիթմով միավորված են նվագախմբի փողային, լարային, հարվածային հատվածները, դրանցում ներառված ամեն գործիք, այնպես, ինչպես երգչախմբի յուրաքանչյուր անդամ անկախ լինելով՝ փոխկապված է մյուսի և, ի վերջո, նաև նվագախմբի հետ։

Ո՞րն է ուրեմն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի մակրոնպատակը, որի հետ պետք է առնչակցել, որի նկատմամբ պետք է կարգաբերել ամեն օրվա միկրոգործողությունները։ Այդ մակրոնպատակը պետության՝ Հայաստանի Հանրապետության հարատևությունն ապահովելն է։

Մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին։ Հասկանում եմ, իհարկե, որ եթե մեր մտածողության բանաձևերով 50-100 տարի պետություն ունենալու տեսլականը դեռ կարող է ընկալվել որպես պրակտիկ խնդիր, ավելի երկար պլանավորման մասին խոսակցությունն ինքնին կարող է տարակուսանք հարուցել։

Բայց եթե հազար տարվա պետության տեսլականն ակնհայտորեն չի կարող ձևավորել ամենօրյա միկրոգործողությունների պլան, կարող է և պետք է ձևավորի ամենօրյա գործելակարգի հոգեբանություն ու ենթագիտակցություն։ Դա այն գործոնն ու միջավայրն է, որ պետությունը մեզանում և մեզ համար պետք է և կարող է դարձնել մտածելակերպ, ազգային մտածելակերպ։

1000 տարվա պետության տեսլականն այսօրվա մեր գործողության և մեր ապրած ժամանակի արժեքը խորությամբ և ամբողջությամբ գիտակցելու գործիք է, որովհետև այսօրն առաջիկա հազար տարվա ամենակարևոր ժամանակահատվածն է, ամենակարևոր պահը, առանց որի՝ առաջիկա հազար տարին չի կարող գոյություն ունենալ։ Ապագան առանց այսօրվա չի կարող գոյություն ունենալ, ահա թե ինչու է ապագան այսօր։

Հոգեբանությունը՝ հոգեբանություն, մտածողությունը՝ մտածողություն, բայց դրանք նաև իրացվելու և իրագործվելու ամենօրյա կիրառական գործիքներ պետք է ունենան։ Որո՞նք են ուրեմն այն կիրառարական գործիքները, որոնցով մենք պետք է ճանապարհ բացենք մեր հազարամյա պլանի իրագործման համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում