Մինսկի խմբին Թուրքիայի անդամությունը պետք է դադարեցվի, քանի որ այդ երկիրը կանխակալ է եւ մարտական տրամադրված․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանը հույս է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությանը Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը հաղթահարելու հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա միակ բանակցային ձեւաչափն է, որն այսօր գոյություն ունի,-նշել է նա՝ խոսելով Մինսկի խմբի նախաձեռնությունների մասին:-Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել ուժեղ ուղերձով: Մենք սպասում ենք խաղաղ հանրության ակտիվ մասնակցությունը ագրեսիան դադարեցնելու հարցում»: Փաշինյանը նկատել է, որ այս փուլում հակառակորդը չի ցուցաբերում ինչ-որ մտադրություն ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
Հայաստանի վարչապետը նաեւ կոչ է արել դադարեցնել Անկարայի անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը ստեղծվել է 1992 թվականին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու համար: «Մինսկի խմբին Թուրքիայի անդամությունը պետք է դադարեցվի, քանի որ այդ երկիրը կանխակալ է եւ մարտական տրամադրված,-համարում է նա:-Ուստի Թուրքիան այլեւս չի կարող միջնորդ լինել»:
Ինչպես ընդգծել է վարչապետը, «Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է դադարեցնեն զինված գործողությունները, քանի որ հենց նրանք են սկսել հարձակումը»: «Միջազգային հանրությունը, մասնավորապես, ամերիկյան հասարակությունը, պետք է իմանա, որ ԱՄՆ-ում կառուցված F-16 կործանիչները կիրառվում են այս հակամարտությունում հայերին սպանելու համար»,-ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ «Թուրքիան ձեւավորել եւ տեղափոխել է հազարավոր վարձկանների եւ ահաբեկիչների խմբեր գոտիներից, որոնք նա օկուպացրել է Սիրիայի հյուսիսում»:
Կարծիքներ