Ամերիկյան ինքնաթիռը Քաբուլի օդանավակայանից 640 աֆղանստանցի է տեղափոխել Կատար․ ֆոտո
Ամերիկյան C-17 Globemaster III ռազմական տրանսպորտային ինքնաթիռը կիրակի Քաբուլի օդանավակայանից 640 աֆղանստանցի է տեղափոխել Կատար: Փախստականներով լցված ինքնաթիռի լուսանկարը արագ տարածվել է համացանցում՝ ցնցելով շատերին, հայտնել է BBC-ն:
Defense One-ի հաղորդմամբ՝ սա պատմության մեջ C-17 ինքնաթիռների ամենամեծ բեռնումներից մեկն է: Այս ռազմական տրանսպորտային ինքնաթիռն օգտագործվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից մոտ երեք տասնամյակ:
Defense One-ի տվյալներով՝ նախատեսված չի եղել ինքնաթիռում այդքան մեծ թվով ուղևորների տեղավորել, սակայն մարդիկ, որոնց թույլատրվել էր տարհանվել, ցատկել են կիսաբաց թեքահարթակի վրա՝ բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար նախատեսված մեխանիզացված դիտահոր: Այս ինքնաթիռում այն գտնվում է պոչի հատվածում:
Defense One-ի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ անձնակազմն այս իրավիճակում որոշել է մարդկանց դուրս չհանել ինքնաթիռից, այլ փակել դիտահորը և թռչել: Ուղևորների թիվը կարողացել են հաշվել միայն վայրէջքից հետո՝ առնվազն 640 հոգի: Ըստ Defence One-ի աղբյուրի՝ դա միայն մեկն էր այն ինքնաթիռներից, որոնք օդ են բարձրացել Քաբուլից, որոնցում եղել են հարյուրավոր ուղևորներ։
Կարծիքներ