Պետդեպարտամենտը հայտարարել է Սերբիայի հետ ԱՄՆ հարաբերությունների բարելավման մասին
Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի և Սերբիայի հարաբերություններն ամրապնդվում են՝ ի վնաս Բելգրադի և Մոսկվայի միջև կապերի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Գաբրիել Էսկոբարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
Նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ ԱԳՆ-ն աջակցում է Սերբիային։ «Ես կասեի, որ Սերբիայի հետ մեր հարաբերությունները բարելավվում են Ռուսաստանի հաշվին»,- պատասխանել է Էսկոբարը։ «Այժմ մենք շատ ամուր գործընկերություն ունենք սերբական բանակի և Օհայոյի ազգային գվարդիայի հետ», - ասել է նա:
Խոսելով սերբական կողմի մասին՝ ամերիկացի դիվանագետը պարզաբանել է. «Նրանք սերտորեն համագործակցել են մեզ հետ՝ իրենց խաղաղապահ ներուժն ամրապնդելու համար, և հենց վերջերս պայմանագիր են ստորագրել Սինայի թերակղզում միջազգային խաղաղապահ ուժերին և ռազմական դիտորդական առաքելություններին միանալու մասին»։ «Մենք ողջունում ենք Սերբիայի կողմից նման փոխգործակցությունը»,- հավելել է Էսկոբարը:
«Մենք շատ անհանգստացած ենք տարածաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի վնասակար ազդեցությունից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նկատի ունենալով Արևմտյան Բալկանները։ «Ռուսաստանը քիչ բան ունի առաջարկելու տարածաշրջանին: Նա գրեթե ուղղակի ներդրումներ չի կատարում, օգնություն չի ցուցաբերում հումանիտար ոլորտում, զարգացման ոլորտում»,- ասել է Էսկոբարը:
Կարծիքներ