Արցախում մեկնարկում է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված երրորդ միջոցառումը
Մեկնարկում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառումը: Միջոցառման նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախում փաստացի բնակվող և 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող որոշ ընտանիքների տրամադրել միանվագ դրամական աջակցություն:
Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
Աջակցություն ստանալու համար անձը մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը պետք է (ներառյալ) դիմում ներկայացնի Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանում
( ք. Ստեփանակերտ՝ Վ.Սարգսյան 25, Կնունյանցների 1, ք. Ասկերան՝ Ն.Ստեփանյան 14, ք. Մարտունի՝ Կ.Ավանեսյան 1, ք. Մարտակերտ՝ Սախարովի 15) կամ իր բնակության վայրի համայնքապետարան (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի), որին պետք է կցի հետևյալ փաստաղթերը.
Իր անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի պատճենները
Երեխայի ծննդյան վկայականի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի (երեխաների ծննդյան վկայականների և հանրային ծառայությունների համարանիշների կամ վավեր սոցիալական քարտերի) պատճենները
Երեխայի (երեխաների) մյուս ծնողի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի, ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի պատճենները։
Երեխայի (երեխաների) խնամակալի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև խնամակալության փաստը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը):
Աջակցությունը տրամադրվում է կամ անկանխիկ եղանակով՝ Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկում շահառուի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով, կամ կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով:
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց կամ աջակցության տրամադրումը մերժելուց հետո նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին։
Կարծիքներ