«Ավրորա» մրցանակն այս տարի շնորհվել է Ջամիլա Աֆղանիին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։
Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1 000 000 ԱՄՆ դոլար պարգև և հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգային և «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությանը: Կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Աֆղանստանի կանանց, երիտասարդներին և երեխաներին, նրանց ընձեռում զարգացման հնարավորություն:
«Իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պայքար է։ Մենք անցնում ենք այս փուլերով, և սա դրանցից մեկն է, երբ այդքան էլ պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինեն մի շարք հարցերի շուրջ մեր հետագա քայլերը, հատկապես՝ երբ ժամանակը պարզապես չի հերիքում: Ջամիլա Աֆղանիի նման մարդիկ հույսի լույս են վառում ապագայի համար և մեզ բոլորիս ելք ցույց տալիս խավարից»,- նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը:
Կարծիքներ