ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մեկնել է Թուրքիա
2022թ. ապրիլի 4-ին Անկարայում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի գործարկումը:
Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել է 2 երկրների ընդհանուր շահերն ընդգրկող հարցերի շրջանակ՝ ներառյալ տնտեսական և պաշտպանական ոլորտում համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Բացի դրանից՝ Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ն գոհունակությամբ է ընդունում Ուկրաինայի հարցում դիվանագիտական լուծում գտնելու համար Թուրքիայի գործադրած ջանքերը:
Հիշեցնենք, որ 2021թ. հոկտեմբերին Հռոմում տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Երկու երկրների ղեկավարները համաձայնություն էին ձեռք բերել երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու նպատակով համատեղ մեխանիզմ հիմնել:
Կարծիքներ