Թուրքիայում ստուգում են ԱՄՆ-ում քարոզիչ Գյուլենի մահվան մասին հաղորդագրությունները
ԱՄՆ-ում ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին տեղեկատվությունը ստուգվում է, ոստիկանությունը դեռևս մեկնաբանություններ չի տալիս, հայտարարել է Վաշինգտոնում թուրքական Anadolu գործակալության ներկայացուցչության ղեկավար Հաքան Ջոփուրը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գյուլենին թունավորել են Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքում, մուտքն ու ելքը փակ են: Գյուլենի կազմակերպությունը հերքել է այդ տեղեկությունը և հրապարակել տեսանյութ, որում նա աղոթում է, սակայն թուրք լրագրողները դա համարել են ավելի վաղ հրապարակված տեսանյութից կտոր։
«Մենք ուշադիր հետևում ենք տեղի ունեցածին։ Ամերիկյան ոստիկանության աղբյուրները և տեղական ԶԼՄ-ները այս մասին տեղեկություններ չեն հաղորդում: Դա դեռ չի նշանակում, որ կալվածքում ոչինչ տեղի չի ունեցել։ Հնարավոր է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, և այդ մասին չի տեղեկացվել ոստիկանությանը: Սակայն Գյուլենի կազմակերպությունը չի կարող երկար թաքցնել դա», – գրել է Ջոփուրը Twitter-ում։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։
Կարծիքներ