Գորշ արջերի կողմից բնակիչներին հասցված վնասներով զբաղվող աշխատանքային խումբ կստեղծվի

Գորշ արջերի կողմից բնակիչներին հասցված վնասներով զբաղվող աշխատանքային խումբ կստեղծվի

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առանձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից։ Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է

Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը, առկա է տեղեկատվության ահռելի պաշար, որը արդեն թույլ կտա լուծումների ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Նախարարն իր խոսքում հստակ ընդգծել է, որ նախարարության համար անընդունելի է կենսաբազմազանությանը վնասող ցանկացած լուծում։ Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, խոսելով գորշ արջերի հարձակումների արեալներից, նշել է, որ հատկապես Վայոց ձորի մի քանի համայնքներում պարբերաբար նկատվում է նույն առանձնյակը, և որ լուծումների միջոցառումներում հատկապես այդ դեպքերը պետք է առաջնային դիտարկվեն։

Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որն առաջկայում հանդես կգա լուծումների կոնկրետ առաջարկներով։ Նախարար Հակոբ Սիմիդյանը պատրաստակամություն է հայտնել այցելել համայնքներ և հարձակումների արդյունքում վնասների, պաշտպանական միջոցների և կենդանիների հետ համակեցության խնդիրների շուրջ զրուցել բնակիչների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում