Արման Դիլանյանը և Մարտինա Շմիդտը կարևորել են ժողովրդավարության ամրապնդման գործում համագործակցությունը
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առանցքային միջազգային գործընկերներից է, և վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի միջև ձևավորվել է որակապես նոր, օրինակելի և փոխադարձաբար արդյունավետ համագործակցություն:
Իր հերթին, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին՝ ձևավորված արդյունավետ ու սերտ գործընկերության համար: Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ողջունել է Սահմանադրական դատարանի կողմից ներկայումս իրականացվող ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է օժանդակել Սահմանադրական դատարանին այդ ուղղությամբ:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են նմանատիպ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և վերահաստատել իրենց լիարժեք հանձնառությունը՝ շարունակելու իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խթանման ասպարեզում համագործակցությունը:
Կարծիքներ