ԱԳ նախարարի տեղակալը և Հունգարիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 12-ի ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։
Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:
Կարծիքներ