Նախազգուշացնում էի, որ Ադրբեջանը իրագործում է ծրագիր՝ էթնիկ զտման ենթարկելու ԼՂ բոլոր հայազգի անձանց. Եղիշե Կիրակոսյան

Նախազգուշացնում էի, որ Ադրբեջանը իրագործում է ծրագիր՝ էթնիկ զտման ենթարկելու ԼՂ բոլոր հայազգի անձանց. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած դիմումի քննարկմանը հայտարարել է.

«Չի անցել դեռ 9 ամիս, երբ կանգնած էի այստեղ և նախազգուշացնում էի, որ Ադրբեջանը իրագործում է ծրագիր՝ էթնիկ զտման ենթարկելու ԼՂ բոլոր հայազգի անձանց: Ցավով եմ ասում, որ դա արդեն իրականություն է դարձել: 9-ամսյա շրջափակումից հետո, որի ժամանակ կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները, ի հեճուկս միջազգային լայնամասշտաբ դատապարտման՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում ԼՂ-ի նկատմամբ: Ցինիկաբար, այդ ժամանակ Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց միայն մի նպատակով՝ որպեսզի 100 հազարից ավելի փախչող հայազգի անձանց դուրս թողնի այնտեղից: Հազարամյակներ շարունակ ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի անձինք: Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչն է էթնիկ զտումը»։ 

Նա նշել է, թե Ադրբեջանն անգամ 1 հայազգի անձի թույլ չի տվել վերադառնալ պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներ, փոխարենը ԼՂ-ում մնացող գրեթե բոլոր հայազգի անձանց ստիպել են փախչել իրենց տներից:

«Քաղաքական նկատառումներով, թերևս, միջազգային հանրությունը չի կանգնեցրել այդ գործընթացը: Բայց այդ էթնիկ զտման իրականությունն այսօր բացարձակապես պարզ է բոլորին: Այսօր դուք դեռևս կարող եք էապես փոխել տեղում իրավիճակը: Ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանությունը անշրջելի դառնալը, պահպանելու այն սակավաթիվ անձանց, որոնք դեռ մնում են ԼՂ-ում, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են և ներկայումս ապօրինաբար ազատազրկված են պահվում Ադրբեջանի բանտերում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում