Թրամփը հաստատել է Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և վերակառուցելու գաղափարը
![Թրամփը հաստատել է Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և վերակառուցելու գաղափարը](https://freenews.am/uploads/images/image_750x_67aa0f35a073a.jpg)
Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Գազայի հատվածը, վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ և այնուհետև վերականգնել այն արաբական երկրների օգնությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
«Ես հանձնառու եմ Գազայի հատվածը գնելու և դրան տիրելու գաղափարին: Ինչ վերաբերում է մեր ուժերով դրա վերականգնմանը, ապա մենք կարող ենք Մերձավոր Արևելքի մյուս երկրներին հանձնել դրա որոշ մասերի վերակառուցումը։ Ուրիշները դա կարող են անել մեր հովանու ներքո», - մեջբերում է Թրամփի խոսքերը The Associated Press գործակալությունը:Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պետք է վերցնի և տիրի Գազան» և անի այնպես, որ ՀԱՄԱՍ արմատական շարժումը «չվերադառնա այնտեղ»։Ինչ վերաբերում է պաղեստինցիների՝ անկլավում ապրելու հեռանկարին, Թրամփը համարում է, որ դա անհնար է։
«Դա վերադառնալու ենթակա չէ։ Այդ վայրն ավերակ է։ Մնացած հատվածը կքանդվի», - ասել է նա։ ԱՄՆ ղեկավարն առաջ է քաշում հարյուր հազարավոր պաղեստինցիների Գազայից հարկադրական վերաբնակեցման գաղափարը։ Նա նշել է, որ իր հետ զրույցից հետո արաբական երկրները կհամաձայնեն ընդունել պաղեստինցիներին։ Թրամփի համոզմամբ՝ պաղեստինցիները կհեռանան Գազայից, եթե այլընտրանք ունենան։
Փետրվարի 4-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի։ Նա նշել է, որ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։
Արաբական երկրները, Իրանը և մի շարք արևմտյան պետություններ դեմ են հանդես եկել դրան։
Կարծիքներ