«Դինամո» մարզահամալիրում կայացել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը

«Դինամո» մարզահամալիրում կայացել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը

Հունվարի 24-ից 29-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 բռնցքամարտիկ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից:

Տղամարդիկ Հայաստանի չեմպիոնությունը վիճարկել են 13 քաշային կարգերում: Համառ պայքարում տղամարդկանց Հայաստանի չեմպիոններ են դարձել Արման Ոսկանյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հայաստանի առաջնությանը չեն մասնակցել Հովհաննես Բաչկովը, Արման Դարչինյանը և Կարեն Տոնականյանը: Հովհաննես Բաչկովը Դուբայում պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական մենամարտին, Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ մենամարտի է պատրաստվում ԱՄՆ-ում, իսկ Կարեն Տոնականյանը վնասվածք ունի:

Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա 4 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել Լիլիթ Դալլաքյանը (48 կգ), Արևիկ Դոխոլյանը (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ) և Էլիդա Քոչարյանը (60 կգ)։

Հայաստանի առաջնության արդյունքներով ձևավորվել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը փետրվարի 7-20-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնի, ապա մարզումները կշարունակի Երևանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում