Աննա Հակոբյանն այցելել է Դվինի հնավայր, Ֆրանկոֆոնիայի այգի և Նոր Կյանքի լորաբուծարան
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Նոր Կյանք գյուղում հիմնադրված «Տեսիլ Էկո» լորաբուծարան: Ընկերության հիմնադիրներ Սիլվարդ Այվազյանի ու Տելեմակ Սահակյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է ֆերմայում:
Ընտանիքը 2 տարի առաջ է հայրենիք վերադարձել, բիզնեսը 20 թռչնով են սկսել, հիմա ունեն 20 հազարից ավելի լոր, օրական 5000 ձու են հավաքում և շուրջ 200 հատ լոր վաճառում: Բիզնեսը զարգացնելու նպատակով օգտվել են նաև պետական աջակցության ծրագրերից:
Վարչապետի տիկինը ծանոթացել է արտադրական ամբողջ ցիկլին՝ ինկուբատոր, թռչնագոմ, սպանդանոց, փաթեթավորում:
Արտադրանքը հիմնականում Երևանում են սպառում, վերջին շրջանում պահանջարկի ավելացում են նկատում: Վարչապետի տիկնոջ գնահատմամբ՝ Սիլվարդի և Տելեմակի քայլը հայրենադարձման ու բիզնեսի հիմնման հիանալի օրինակ է, ինչը կարող է նաև վարակիչ ազդեցություն ունենալ:
Հաջորդ կանգառը Հնաբերդն է եղել, ուր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Դվինի հնավայր: Նրան դիմավորել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: Դվինը հիմնադրվել է 4-րդ դարում, եղել է Հայաստանի մայրաքաղաքներից մեկը:
Հնավայրի տարածքում վերջին տարիներին վերականգման ակտիվ աշխատանքներ և պեղումներ են իրականացվում: Համայնքը նպատակ ունի հնավայրի տարածքում թանգարան կառուցել:
Արարատի մարզ կատարած այցն Աննա Հակոբյանն ավարտել է Մասիս քաղաքում, որտեղ այցելել է Ֆրանկոֆոնիայի այգի: Զբոսայգին հիմնադրվել է 2019 թվականին, ունի խաղահրապարակներ, շատրվաններ: 3 տարվա ընթացքում դարձել է Մասիսի բնակիչների սիրելի վայրը:
Վերջին տարիներին Մասիսի շատ դպրոցներում ֆրանսերեն է դասավանդվում, Մասիսի զարգացման հիմնադրամը նախատեսել է առաջիկա տարիներին «ԹՈՒՄՈ» կենրրոն հիմնել զբոսայգու հարակից տարածքում:
Վարչապետի տիկինը զբոսնել է Մասիսի Ֆրանկոֆոնիայի այգում, շփվել զբոսնող քաղաքացիների ու երեխաների հետ:
Կարծիքներ