Կբացառվի անչափահասներին պատժախուց տեղափոխելու կարգապահական տույժը
Քրեակատարողական ոլորտի խնդիրներին լուծում տալու նպատակով Կառավարությունն փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ դատապարտյալի եւ կալանավորի պարտականությունն է սեփական առողջությանը վնաս չպատճառելը: Ինքնավնասման կամ ինքնասպանության փորձերի դեպքում անձը խախտում է ներքին կանոնակարգը, որի համար կարող է ենթարկվել պատասխանատվության:
Հաշվի առնելով Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտները եւ ՄԻՊ-ի տարբեր արձանագրումները՝ զեկուցողը փաստել է, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի պատժողական:
«Անձի նկատմամբ պետք է ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ կանխարգելելու ինքնավնասման եւ ինքնասպանության փորձերը»,- ընդգծել է փոխնախարարը: Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը:
Նախատեսվում է նաեւ բացառել անչափահասներին պատժախուց տեղափոխելու կարգապահական տույժը: «Սա չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է ստեղծվելու, որովհետեւ կան եւս երկու կարգապահական տույժեր՝ նկատողություն եւ խիստ նկատողություն, որոնք անձի նկատմամբ կարող են նշանակվել՝ ըստ անհրաժեշտության», -արձանագրել է Արփինե Սարգսյանը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ազատազրկման դատապարտված անձանց տեղաբաշխմանը, հստակեցվում են վերջիններիս առանձին պահելու կարգավորումները:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ համակարգում ցանկացած նորամուծություն դժվար է ընդունվում, սակայն անհրաժեշտ է գնալ բարեփոխումների ճանապարհով: «Այս նախագիծը չափազանց կարեւոր է, այն 2018թ. իրականացվող ընդհանուր բարեփոխումների մաս է»,- նշել է պատգամավորը:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կարգավորումները ժամանակավրեպ են: Նրա կարծիքով՝ նախ պետք է բարելավել կենցաղային վիճակը քրեակատարողական հիմնարկներում եւ պատշաճ վերահսկողություն սահմանել առկա կանոնների պահպանման նկատմամբ:
Փոխնախարարը, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում կրկին քննարկել գործընկերների առաջարկները: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Կարծիքներ