Ալկոհոլի ազդեցության տակ կրակոցներ է արձակել. տղամարդու մոտից գտել են «Բայկալ» ատրճանակ, տանը՝ «Մակարով»
Մայիսի 21-ին՝ ժամը 21:46-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ և հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է:
Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21:30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տիպի մարտական ատրճանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից 39-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տիպի ատրճանակ և պահեստատուփ, որի մեջ կար 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Քրեական վարույթը շարունակվում է:
Կարծիքներ