Վերջին վեց շաբաթում Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերը եռապատկվել են. ԱՀԿ

Վերջին վեց շաբաթում Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերը եռապատկվել են. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը եռապատկվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՀԿ-ին:

Եվրոպայում ԱՀԿ տնօրեն, դոկտոր Հանս Կլյուգեն COVID-19-ը «տհաճ և պոտենցիալ մահացու հիվանդություն» է անվանել, որը մարդիկ չպետք է թերագնահատեն։

Նա նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը եռապատկվել է, և անցած շաբաթ գրանցվել է մոտ 3 միլիոն նոր դեպք, ինչը կազմում է աշխարհում բոլոր նոր վարակների գրեթե կեսը։ Կլյուգը նաև մտահոգություն է հայտնել, որ ցուրտ եղանակի մոտենալով` COVID-19-ն ավելի ինտենսիվ կտարածվի։

«Ահա թե ինչու ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակն այսօր հրապարակում է աշուն/ձմեռ ռազմավարությունը՝ պայքարելու COVID-19-ի և շնչառական այլ վիրուսների դեմ՝ օգնելու պատրաստվել վարակի գալիք ալիքներին: Արդեն ուշ կլինի սպասել աշնանը գործելու համար»,- ասել է նա։

Նշվում է, որ հարավային կիսագնդի երկրներում այժմ գրիպի շատ ակտիվ սեզոն է, որը COVID-ի հետ համատեղ մեծ բեռ է առողջապահական համակարգերի համար:

«Մենք, ամենայն հավանականությամբ, համանման սցենար կտեսնենք հյուսիսային կիսագնդում»,- ասել է Կլյուգեն՝ նախազգուշացնելով, որ ճնշման ավելացումը կարող է քաոսի հանգեցնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում