Տոկիոյի երկնքում ասուպի թռիչք է դիտվել
Անցած գիշերը Տոկիոյի եւ հարակից շրջանների բնակիչները հնարավորություն են ունեցել հետեւելու ասուպի թռիչքին, նրանցից շատերը լսել են պայթյունին նման ձայն: Ճապոնիայի մայրաքաղաքում այսօր կայացած մամուլի ասուլիսում կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ասել է, որ հիմա իշխանությունները դրա վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, ոչ մի վնաս չի գրանցվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեղյակ ենք, որ նման տեղեկություններ են հայտնվել: Հիմա այդ կապակցությամբ տեղեկություններ ենք հավաքում: Ներկա պահին ոչ մի վնաս չի գրանցվել»,- ասել է նա:
Ճապոնիայում Twitter-ի օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որոնցում պատկերված է վառ լուսարձակող գնդաձեւ օբյեկտ: Նրանք նաեւ հայտնել են, որ տեղական ժամանակով մոտ 02:30-ին լսել են պայթյունի ձայն, իսկ որոշ տներում ապակիները ցնցվել են:
Kyodo գործակալությունը նշում է, որ Ճապոնիայի երկնքում ասուպների թռիչքներ են գրանցվում ամսվա մեջ մի քանի անգամ: Սակայն մթնոլորտով անցնելիս Երկրում լսվող պայթյունի ձայնը չափազանց հազվադեպ երեւույթ է:
Կարծիքներ