Երևանում տրանսպորտի խնդիրը 2023 թվականին 70 տոկոսով կլուծվի. քաղաքապետ

Երևանում տրանսպորտի խնդիրը 2023 թվականին 70 տոկոսով կլուծվի. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վստահեցնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրը 2023 թվականին կլուծեն 70 տոկոսով. օրինակ, մինչև դեկտեմբերի վերջ, Երևան կհասնի 150 նոր ավտոբուս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Ես վստահ եմ, որ 2023  թվականի ընթացքում մենք 70 տոկոսի չափով կլուծենք տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, սակայն դա առաջնահերթ քայլերից մեկն է»,-ասաց Սարգսյանը:

Քաղաքապետը հիշեցրեց, որ արդեն MAN ավտոբուսների ձեռքբերման հետ կապված՝ կնքված պայմանագիր կա: Պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսները կլինեն Երևանում:

«Բացի այդ, մենք այս տարի հայտարարել էինք մրցույթ 165 ավտոբուսների (Ժոնգտոնգ) ձեռքբերման համար: 165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են: Եվ 4-5 օրվա ընթացքում  արդեն Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ 150 ավտոբուսները կլինեն Երևանում»,-ասաց քաղաքապետը:

Իսկ ինչ վերաբերում է տրոլեյբուսներին՝ նա հիշեցրեց, որ տրոլեյբուսների երկու մրցույթ էին հայտարարել: 15 տրոլեյբուսներն արդեն 1 ամսվա ընթացքում պատրաստ կլինեն, և համաձայն պայմանագրի՝ 2023-ի դեկտեմբերին կլինեն Երևանում: Հաջորդ 15 տրոլեյբուսների ձեռքբերումն ակնկալվում է, որ կլինի հունվարին: Վերջինս իրականացվում է Կառավարության աջակցությամբ:

Քաղաքապետը կարևորեց նաև երթևեկության կազմակերպումը: «Բավականին մեծ քանակությամբ ավտոբուսներ ենք ունենալու: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենանք այդ կառավարման կենտրոնը, որպեսզի կարողանանք նոր էլեկտրոնային եղանակով կառավարումն իրականացնել: Այս պահի դրությամբ մրցույթ ենք հայտարարել»,-ասաց Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում