Պուտինը Շոյգուի միջոցով խնդրանք է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդին. Reuters-ը բացահայտել է մանրամասները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի ենթադրյալ սպանությանը, մասնավորապես՝ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իրանական երկու իրազեկ աղբյուրներին հղումով։
Ըստ նրանց՝ համապատասխան ուղերձը Խամենեին է փոխանցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա մեկ օր առաջ այցելել էր Իսլամական Հանրապետություն, այնուհետ՝ Ադրբեջան:
Reuters-ի զրուցակիցները նշել են, որ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Մոսկվան Իրանին «զսպվածության անհրաժեշտությունը» փոխանցելու մի քանի միջոցներից մեկն էր։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ Իրանի ԱԳՆ-ն չեն արձագանքել գործակալության՝ տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքներին։
Ռուսական РБК-ն իր հերթին հարցումներ է ուղարկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ՌԴ ԱԳՆ-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը, Իսրայելի ԱԳՆ-ին և Իրանի ԱԳՆ-ին։
Իրանում Շոյգուն հանդիպել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ինչպես հաղորդել է Irna-ն, բանակցություններում նախագահն ընդգծել է իրանա-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Շոյգուն, իր հերթին, Իրանին անվանել է տարածաշրջանում Ռուսաստանի կարևոր ռազմավարական դաշնակիցներից մեկը և ընդգծել համատեղ նախագծերի զարգացման հետաքրքրությունը։
Հանդիպմանը Փեզեշքիանն ասել է նաև, որ իր երկիրը «ոչ մի կերպ չի ձգտում ընդլայնել պատերազմի և ճգնաժամի մասշտաբները» Մերձավոր Արևելքում, սակայն Իսրայելը «միանշանակ պատասխան կստանա իր հանցագործությունների և լկտիության համար»։
Կարծիքներ