Գևորգը, ի զարմանս երես թեքած «ընկերների», արդարացվելու է
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդեն իսկ թույլ է տվել դատավարական օրենքի թվով 3 ակնհայտ կոպիտ խախտումներ:
1. Լոռեցյանի ազատության հարցի առաջին անգամ քննարկումն իրականացրել է դռնփակ դատական նիստում, ինչը որպես խախտում արձանագրեց նաև Վերաքննիչ դատարանը
2. Չթույլատրեց ամբաստանյալներից մեկին ապացույց հետազոտելիս տալ որոշակի բովանդակությամբ ցուցմունք, մինչդեռ ՀՀ քրեական դատավարոթյան օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ ամբաստանյալն իրավունք ունի ապացույցներից յուրաքանչյուրը հետազոտելիս ՑԱՆԿԱՑԱԾ պահի տալ ցուցմունքներ:
3. Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ չքննեց ԱՆՀԱՊԱՂ քննության ենթակա Լոռեցյանին ազատ արձակելու մասին արդեն իսկ ներկայացված միջնորդությունը՝ հակառակվելով Անդրեաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2018թ. թիվ ԵԷԴ/0063/01/17 որոշմամբ ձևավորված նախադեպին, համաձայն որի՝ անձի ազատության իրավունքին վերաբերող և դատական նիստի ընթացքում ներկայացված միջնորդությունը անհապաղ չքննելը, չի կարող արդարացվել աշխատանքային օրվա ավարտով: Դատավորը անկեղծորեն հայտնեց, որ տեղյակ չէ այդ որոշման գոյության մասին:
Նման ակնհայտ ու կոպիտ խախտումներն են, որ հեղինակազրկում են ՀՀ դատական համակարգը, ինչի արդյունքում հասարակության մեջ կորում է հավատը արդարադատության նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է նույնիսկ բարձր վարկանիշ ունեցող «կալիբրով» դատավորների կողմից կատարված որակյալ աշխատանքի ճիշտ չըմբռնմանը հանրության կողմից:
Մենք, իհարկե, կքննարկենք դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելու նպատակահարմարության հարցը, սակայն հուսով եմ, որ պարոն Գաբրիելյանը կվերադառնա իրավունքի դաշտ, իր հանգստի իրավունքի հարցը չի գերադասի քաղաքացու ազատության իրավունքի հարցից ու չի շարունակի փորձել ամեն գնով հաճոյանալ դատախազությանը:
Իսկ Գևորգը, ի զարմանս նրանից երես թեքած «ընկերների», արդարացվելու է!!!!
Կարծիքներ