Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով:
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը։ Այդ մասին կողմերն արդեն տեղեկացված են», - ասել է Գոմելաուրին։
Վախթանգ Գոմելաուրին հավելել է, որ ինչ վերաբերում է քաղաքացիական բեռների տեղափոխմանը, ապա այդ ուղղությամբ Վրաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք՝ Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի և Հայաստանի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ նրան պատճառելով մեծ կորուստներ:
Կարծիքներ