Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը՝ չնայած տարաձայնություններին պատրաստ է աջակցել Իսրայելին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ մեջբերելով նախագահի խոսքերը ելույթից։
«Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում:
Միևնույն ժամանակ, Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։
«Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի որևէ վայրում տեղ չկա հակասեմականության, ատելության կամ բռնության սպառնալիքների համար», - ընդգծել է նա՝ հավելելով, որ բռնի հարձակումները և գույքը վնասելը խաղաղ ցույցեր չեն և դրանք հակասում են օրենքին։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ գործողության հնարավոր մեկնարկի շուրջ ստեղծված իրավիճակը խորացրել է հակասությունը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։
Մայիսի 6-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ երկրի ռազմական կաբինետը միաձայն որոշել է շարունակել ռազմական գործողությունը Ռաֆահում՝ Համասի վրա ռազմական ճնշում գործադրելու և իսրայելցի պատանդների ազատ արձակման համար։
Կարծիքներ