«Ավրորա»-ի 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատուկ միջոցառումների շարք կանցկացնի 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում: Միջոցառումները, այդ թվում՝ 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը, տեղի կունենան Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գրասենյակը։
Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանի եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաեւ «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր եւ ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ: Վերջինիս ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը:
«Մեզ համար պատիվ է միավորել ջանքերը «Խոստում» ինստիտուտի հետ, որպեսզի աջակցենք ականավոր մարդասերներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին, որոնք վտանգում են սեփական անձը՝ այլոց օգնելու համար»,- ասաց դոկտոր Նուբար Աֆեյանը: «Անցած ութ տարիների ընթացքում «Ավրորան» ստեղծել է համախոհների համաշխարհային ցանց, որոնք նվիրված են այս կարեւոր գործին, եւ մենք ուրախությամբ սպասում ենք նրանց Լոս Անջելեսի միջոցառումներին, ինչն ավելի կբարձրացնի համայնքային ակտիվիստների ձայնն ամենուրեք եւ աշխարհին ցույց կտա յուրաքանչյուր անհատի ուժը դրական փոփոխության հասնելու գործում»:
«2024 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները Լոս Անջելեսում հնարավորություն կտան հյուրերին եւ մասնակիցներին իրենց երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր, չխնայելով սեփական անձը, օգնում են կարիքի մեջ հայտնվածներին: Հուսով ենք, որ սա կոգեւորի մարդկանց այդ երախտագիտությունը վերածելու գործի՝ միանալով մեզ եւ մաս կազմելով այս համաշխարհային շարժմանը՝ ի նպաստ համընդհանուր բարօրության»,- նշեց միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանը: «Լույս սփռելով մարդասիրության վրա, որը հաճախ դրսեւորվում է ամենադժվարին պահին՝ մեր նպատակն է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում բարձրացնել իրազեկությունն այն սովորական մարդկանց մասին, որոնց արտասովոր քայլերի է մղում կարեկցանքի եւ արդարության զգացումը»:
2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը. նրանց անունները հայտնի էին դարձել 2023 թ. սեպտեմբերին: Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու մարդասերներին եւ կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի եւ այլն:
* * *
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ է, որը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ փրկելու այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը: Իր ստեղծումից ի վեր (2015 թ.) այն լույս է սփռում աշխարհի մի շարք ամենահրատապ եւ անտեսված ճգնաժամերի վրա: 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդ 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվեցին 2023 թ. սեպտեմբերի 18-ին «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում Նյու Յորքում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի մասին
«Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանության դպրոցում գործող մարդու իրավունքներին ուղղված կրթության, հետազոտության եւ ազդեցության նորարարական կենտրոն է: Կիրառելով Լոս Անջելեսի ստեղծարար եւ դինամիկ մոտեցումները՝ մենք ձգտում ենք վերաիմաստավորել մարդու իրավունքների ներուժը՝ հաղթահարելու մեր ժամանակի ամենահրատապ որոշ խնդիրներ:
Կարծիքներ