Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը
Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեցի հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծեցի, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում եմ միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում հանդիպման առաջարկն ընդունելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության մի շարք հարցեր և առաջիկա ծրագրեր։
Անդրադարձա 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները։ Ներկայացրեցի պատերազմի հետևանքով առաջացած բնապահպանական ռիսկերի վերաբերյալ միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների դեսպաններին ուղղված ահազանգերը և նամակները։
Ներկայացրեցի շրջակա միջավայրի ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրները՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։
Ընդգծեցի, որ բոլոր նախանշած ուղղություններում ԵՄ-ն ունի մեծ փորձ, և հենց այդ փորձի ներդրումն ու գործուն առաջկցություն ենք ակնկալում գործընկերներից
Տիկին Անդրեա Վիկտորինիը վստահություն հայտնեց, որ մարտահրավերների՝ պատերազմին և COVID-19 համավարակի հետևանքներին միաժամանակ դիմակայած Հայաստանը կարճ ժամանակում կկարողանա վերականգնման ուղիով ընթանալ և կյանքի կոչել նախանշված ծրագրերը։
Տիկին դեսպանն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունների շրջանակը՝ ևս մեկ անգամ շեշտելով ԵՄ պատրաստակամությունն աջակցել ՀՀ կառավարությանն իր առաջնահերությունների արդյունավետ իրականացման գործում։
Եզրափակելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեցի ԵՄ գործընկերներին և իմ պատրաստակամությունը հայտնեցի է՛լ ավելի խորացնել համագործակցությունը՝ հանուն ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի»,- գրել է նախարարը։
Կարծիքներ