Սյունիքը 50%+ ձայն է տվել գործող իշխանությանը, ուրեմն պետք է բացառել որևէ հետընտրական զարգացումներ, մեզ պետք է համերաշխություն. Հ. Պատվականեան

Սյունիքը 50%+ ձայն է տվել գործող իշխանությանը, ուրեմն պետք է բացառել որևէ հետընտրական զարգացումներ, մեզ պետք է համերաշխություն.  Հ. Պատվականեան

Այնպես է ստացվել, որ, ապրելով Երևանում, բավականին շատ եմ եղել բոլոր մարզերում, 200+ գյուղերում ու քաղաքներում, շրջապատս բավականին է մեծ է և բազմաշերտ` միջազգային ընկերության աշխատակցից մինչև փոքր բիզնեսի ներկայացուցիչ, գյուղացի ֆերմերից մինչև Շուշիում պատերազմած զինվոր, երկիր վերադարձած սփյուռքահայից մինչև հեռավոր Աշոցքում դահուկային սպորտ զարգացնող ընտանիք: Բոլորը տարբեր են, բոլորը միմյանց անհաղորդ:

Պետք չէ սպասել մարդկանցից գլոբալ մտածողություն, ամեն մեկը առաջնորդվում է իր անձնական պատմությունով և քվե տալիս. Ծաղկահովիտ համայնքի բնակիչ, ով 30 տարի չի ունեցել տարրական խմելու ջուր և որտեղ անցյալ տարի նոր է կառուցվել խմելու ջրամատակարարման ցանց, Ալագյազցին, որ գազ չի ունեցել և ձմեռը տաքանալու խնդիր է ունեցել, իսկ 2020-ին ստացել է գազաֆիկացված համայնք, շենքի 7-րդ հարկի մեծահասակ կին, ով չի ունեցել սարքին վերելակ ու ամեն օր ստիպված մնում էր իր հարևանի հույսին հաց առնելու համար, իսկ այսօր արդեն 530 շենքերում այս տարրական խնդիրը լուծված է, Ջերմուկի բնակիչ, ում մինչ այսօր չեն ասում Ամուլսարի հանգուցալածումը, Շուռնուխի բնակիչ, ով տեսնում է 40 մետրի հեռավորության վրա ադրբեջանական դրոշ, Տեղի բնակիչ, ով զրկվեց կովերի արոտավայրից և Արցախցի, ով զրկվեց տնից, ընտիր մասնագետ ով տարիների փորձ ունի, բայց ում հանել են աշխատանքից հին իշխանությունների օրոք աշխատելու պատճառով, ներմուծող, ում միշտ տանջել են հարկայինից, ԱԱԾ-ից` հասկացնելով, ինքը իրավունք չունի այս կամ այն ապրանքը բերել, որովհետև ինչ-որ մականունով մեկի մենաշնորհն է, իսկ այսօր հանգիստ աշխատում է և հարկ վճարում, մաքսայինի աշխատող, ում զանգով ասել են «դու չգիտե՞ս ում ապրանքն է, էլ տենց սխալներ չանես», ծնող, ում երեխան գերության մեջ է և ծնող, ում գերի տղան օրեր առաջ վերադարձավ, Վանաձորում առևտրային կետ ունեցող ընկեր, ով այսօր միկրոբիզնեսի հարկային ռեժիմով որևէ հարկ չի վճարում: էջմիածնից տղամարդ ում կնոջը հավանել էր Մանվել Գրիգորյանը և ով ստիպված ամբողջ ընտանիքով փախավ Լոս Անջելես ու վերադարձավ մեկ տարի առաջ ազատ ապրելու իր հայրենիքում, գիտնական և դասախոս, ով չի կարողանում ընկալել վարչապետի ցածրորակ և ոչ հարիր բառապաշարը հանրային ելույթներում, Գյումրու բնակիչ, ով տեսնում է, թե ոնց է իր հին քաղաքային կենտրոնը վերածնվում տարբեր պետական ծրագրերի միջոցով, 2000-ականներին ՊՆ աշխատակից, ում տանամյակներով փորձը այսօր ջուրն են գցում, ֆերմեր, ով օգտվեց կառավարության ծրագրից և մինչև 1 մլրդ. 0% վարկ ստացավ և 50% ինտեսիվ այգու կառուցման ծախսերի փոխհատուցում, և շատ ու շատ էլի մարդիկ ով կընտրեն նաև ելնելով հակառակ ճամբարի հանդեպ ունեցած ատելությունից:

Այս բոլոր մարդկանց ես գիտեմ, այս բոլոր մարդիկ մեր մեջ են, ունեն տարբեր դիրքորոշում: Բոլորն էլ ազգասեր են, սրտացավ: Ոչ ոք իրավունք չունի այս մարդկանց պիտակավորել իրենց քաղաքական դիրքորոշման պատճառով, անվանել դավաճան և -ականներ կպցնել` Լևոնական, Նիկոլական, Քոչարյանական, Սերժական «ական-ա-զերծեք» այս միտումը: Ու չնայած իմ ընտրած ուժը չի անցել ԱԺ, մտածում եմ, եթե Շուռնուխի, Դավիթ Բեկի, Կապանի, Մեղրիի բնակիչները, ում անվտանգությունը այսօր առաջնային է ու առհասարակ Սյունիքը 50%+ ձայն է տվել գործող իշխանությանը, ուրեմն պետք է բացառել որևէ հետընտրական զարգացումներ, մեզ պետք է համերաշխություն:

Հ.Գ. Երեք օր առաջ Ռուբեն Վարդանյանը ստացել է ՀՀ քաղաքացիություն, մեծ հույս ունեմ, որ 5 տարի անց կունենանք ընտրություններին մասնակից թարմ և տեխնոկրատ ուժ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում