Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է 4 տարվա ազատազրկման դատապարտել Սարկոզիին
Ֆրանսիայում դատախազությունը պահանջել է 4 տարվա ազատազրկման (2-ը՝ պայմանական) դատապարտել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը մեղադրվում է կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեջ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, դատական գործընթացը մեկնարկել է նոյեմբերի ավարտին: Գործով մեղադրյալ են նաև Սարկոզիի փաստաբան Տյերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ժիլբեր Ազիբերը:
Նրանց համար նույնպես դատախազությունը 4 տարվա ազատազրկում է պահանջել, որից երկուսը՝ պայմանական:
Քննության վարկածով՝ Սարկոզին իր փաստաբանի միջոցով կարող էր օգնություն առաջարկած լինել Ազիբերին Մոնակոյում պաշտոն ստանալու հարցում՝ փոխարենը գաղտնի տեղեկություն պահանջելով մեկ այլ հետաքննության մասին, որը վերաբերում է Սարկոզիի՝ 2007 թվականի նախագահական ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մասին գործին:
Կարծիքներ