ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել համացանցում աղմուկ բարձրացրած ձերբակալությունից
ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է Երևանում պարեկների կողմից ձերբակալված քաղաքացու մասին հրապարակումներին, համաձայն որոնց՝ իբր բերման ենթարկելիս պարեկները կոտրել են երիտասարդի ձեռքի մատները, ծեծի ենթարկել նրան:
Քննչական կոմիտեն նաև դեպքից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ երիտասարդին փորձում են բերման ենթարկել 2 պարեկային ծառայող, այլ ոչ 10-ը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ձերբակալվածի եղբայրը: Տեսանելի է նաև, որ երիտասարդին ծեծի չեն ենթարկել, այլ ընդհակառակը՝ բերման ենթարկվելու պահին ինքն է դիմադրություն ցույց տվել ու հարվածել պարեկներից մեկի գլխին:
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ դիմադրությունից հետո պարեկները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ:
Քննչական կոմիտեն հրապարակած հաղորդագրությամբ փաստել է գրեթե նույնը, ինչ ավելի վաղ հրապարակել էր Ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը, անմիջականորեն հանցանք կատարած լինելու կասկածանքով, Ա.Ե.-ն ձերբակալվել է:
Վերջինս ցուցմունքով ևս հաստատել է իրեն՝ ընդամենը երկու ոստիկանի կողմից ձերբակալելու հանգամանքը:
Առգրավվել է դեպքի վայրի տարածքում առկա տեսանկարահանող սարքի պարունակությունը, որը, վերաբերելի մասով, ենթարկվել է զննության։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից պահանջվել են դեպքի պահին ոստիկանների և ծառայողական ավտոմեքենայի վրա առկա տեսագրությունները:
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ ուսումնասիրվել են ինչպես պարեկներին ամրակցված, այնպես էլ հարակից տարածքներում տեղադրված տեսահսկող սարքերի տեսագրությունները։
Ըստ ՆԳՆ-ի, անձը ծեծի չի ենթարկվել, չունի որևէ կոտրվածք, նրան ձերբակալել է ոչ թե 10, այլ 2 պարեկ:
Կարծիքներ