Կհիմնանորոգվի Ծովակ-Ախպրաձոր ռազմավարական կարևոր նշանակության ճանապարհը. Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիսի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում դիտարկել է Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության 14,4 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:
Ծրագրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1,4 միլիարդ դրամ, որի շրջանակներում կասֆալտապատվի նշված ճանապարհի 11,4 կիլոմետր հատվածը, իսկ մնացած 3 կիլոմետրի ասֆալտապատումը կիրականացվի այլ ծրագրերով:
Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից: Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, տեղադրվում է հիմքի ավազային շերտը:
«Ի ուրախություն մեզ և նշված համայնքների բնակիչների, վերջապես կհիմնանորոգվի Ծովակ-Ախպրաձոր ռազմավարական կարևոր նշանակության այս ճանապարհը, որն սպասարկում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներին: Ճանապարհի հիմնանորոգմամբ այս բնակավայրերում առաջընթաց կգրանցվի և՛ գյուղատնտեսության, և՛ զբոսաշրջության ոլորտներում»,- նշել է մարզպետը:
Բացի հիմնական ճանապարհի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում կառուցվելու են նաև մայթեր, տեղադրվելու է ջրահեռացման համակարգ, հիմնանորոգվելու են դեպի դպրոց, մանկապարտեզ և կենսական նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:
Համաձայն պայմանագրի՝ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2021 թվականի նոյեմբեր ամսին:
Կարծիքներ