Ավարտվել է Լեռնապար տանող ավտոճանապարհի հիմնանորոգումը
Ավարտվել է Տ-1-50, /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+800 հատվածի հիմնանորոգումը։
3.8կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Մ-3 միջպետական ճանապարհից և տանում դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար բնակավայր։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ծաղկահովիտ խոշորացված համայնքի (որի մեջ մտնում է նաև Լեռնապարը) ղեկավար Նորաին Հակոբյանը նշել է‚ որ մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր‚ դժվար երթևեկելի։ Ճանապարհը անցնում է գեղեցիկ բնաշխարհով‚ և համայնքի ղեկավարը հույս է հայտնել‚ որ բարեկարգումից հետո ավելի ու ավելի շատ մարդիկ կայցելեն Լեռնապար՝ վայելելու բնության գեղեցկությունը։
Պարոն Հակոբյանը նկատել է նաև‚ որ այս տարի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում հիմնանորոգվել է ևս երկու ճանապարհ՝ Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրերում։
Ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարությունը կատարել է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգվել է երթևեկելի մասը‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ գյուղամիջում կառուցվել են մայթեր‚ նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Կարծիքներ