Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլն է մեկնարկվել
Ադրբեջանից 1988-1992-ին բռնագաղթած փախստական 24 ընտանիքների հուլիսի 29-ին տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ, ինչով ազդարարվել է բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը,- տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը։
Այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են:Ըստ աղբյուրի՝ առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հուլիսի 29-ին մոտ 337.5 մլն դրամի շրջանակում հանձնել է 17 մեկսենյականոց բնակարանի վկայական, 6 երկուսենյականոց և 1 երեքսենյականոց բնակարանի վկայական: Ծառայության պետը շնորհավորել է շահառուներին՝ ներկայացնելով գործընթացի փուլերը և հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մարզերում:
«Հույս ունեմ, որ այսպիսով ձեր բեռը որոշակիորեն թեթևացնում ենք՝ երեսուն տարի անց լուծում տալով բնակապահովման խնդրին»,- ասել է նա:
Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ ծրագրի երրորդ փուլի հավակնորդ 161 շահառուներից 115-ը ծրագրին մասնակցելու համար դիմել է ծառայություն, և հավելում, որ ծրագրի երեք փուլերի արդյունքներով՝ բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 209 շահառուների: 133 ընտանիքներ (շահառուների ավելի քան 60 տոկոսը) արդեն իսկ գտել են բնակարաններ և դիմել գնման գործընթացը սկսելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5.8 մլրդ դրամ:
Կարծիքներ