Ֆրանսիայի վարչապետը մեկնել է Նանտ՝ այսօր հրդեհված Սբ Պողոս-Պետրոսի տաճար
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը և մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն ուղևորվել են Նանտ, որտեղ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս-Պետրոսի տաճարում, գրում է ria.ru-ն։
«Այսօր օրվա երկրորդ կեսին ներքին գործերի նախարարի և մշակույթի նախարարի հետ դեպքի վայրում կլինեմ»,- Twitter-ում գրել է Կաստեկսը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, աջակցության խոսքեր է հղել հրշեջներին։
«Փարիզի Աստվածամոր տաճարից հետո Նանտի սրտում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս-Պետրոսի տաճարում։ Մեր աջակցությունը այն հրշեջներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ այս գոթական մարգարիտը փրկելու համար»,- գրել է նա իր Twitter-ի էջում։
Հիշեցնենք, որ Սբ Պողոս-Պետրոսի տաճարում հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում: Պատճառների մասին դեռ չի հաղորդվում: Ավելի ուշ հրշեջ-փրկարարական ծառայության վարչության տնօրեն Լորան Ֆերլեն հայտնել էր, որ Սբ Պողոս-Պետրոսի տաճարում բռնկված հրդեհը տեղայնացվել է:
Նանտում գտնվող Սբ Պողոս-Պետրոսի տաճարը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը: Դրա բարձրությունը 6 մետրով պակաս է Փարիզի Աստվածամոր տաճարից:
Այս տաճարը հրդեհվել է նաև 1972 թվականին: Դրանից հետո այն 3 տարով փակվել է վերականգնողական աշխատանքների իրականացման համար:
Կարծիքներ