Արցախի ԱԳ նախարարը Լորան Վոքիեի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները

Արցախի ԱԳ նախարարը Լորան Վոքիեի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն:

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքների ու հումանիտար ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Լորան Վոքիեն վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու և ամրապնդվելու։

Իր հերթին Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Վոքիեին՝ Արցախի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար։

Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիական պատվիրակությունից՝ շրջանների քաղաքապետեր, շրջանային խորհրդի պաշտոնյաներ, տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։

Օրվա երկրորդ կեսին Լորան Վոքիեն հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած արցախցիների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկել իրավական նշանակության մի շարք հարցեր։

Հաջորդիվ կայացել է Սերգեյ Ղազարյանի և Լորան Վոքիեի համատեղ մամլո ասուլիսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում