Աշխարհի տարբեր երկրներ ու կառույցներ ողջունել են Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը

Աշխարհի տարբեր երկրներ ու կառույցներ ողջունել են Իրանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունը ողջունել են աշխարհի տարբեր երկրներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ 

Ֆրանսիան բարձր է գնահատել Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին հայտարարությունը՝ կոչ անելով երկու կողմերին պարտավորվել «լիովին դադարեցնել ռազմական գործողությունները»՝ հավելելով, որ «բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր ցիկլից՝ ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ սա «կարևոր քայլ է լարված տարածաշրջանում կայունությունը վերականգնելու ուղղությամբ»։ 

«Սա պետք է լինի մեր համատեղ առաջնահերթությունը», - հավելել է նա։

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի Պետության միջև հրադադարի մասին համաձայնագրի հայտարարությունը՝ հույս հայտնելով, որ այս զարգացումը քայլ է դեպի լարվածության թուլացում և տարածաշրջանային կայունությանը նպաստող միջավայրի ստեղծում։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ թագավորությունը հույս ունի, որ առաջիկա ժամանակահատվածում բոլոր կողմերը կդրսևորեն «լարվածության թուլացման և ուժի կիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու հանձնառություն, և որ այս համաձայնությունը կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը»։

Իր հերթին, Եգիպտոսը շեշտել է, որ Թրամփի հայտարարությունը հիմնարար զարգացում է հանդիսանում վերջին օրերին տարածաշրջանում տեղի ունեցած վտանգավոր սրացման զսպման ուղղությամբ։ Ըստ Կահիրեի՝ այն կարող է նշանակալի շրջադարձային կետ լինել երկու երկրների միջև ռազմական բախման դադարեցման և տարածաշրջանում հանգստության վերականգնման ուղղությամբ։

Հորդանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվել է «այս համաձայնության կարևորությունը տարածաշրջանում վտանգավոր իրավիճակի լիցքաթափման գործում»։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հունիսի 24-ին հայտարարել է, որ Պեկինը չի ցանկանում Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրացում և պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար։

Խոսնակը հավելել է, որ Չինաստանը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ քաղաքական կարգավորմանը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է ԱՄՆ նախագահի հայտարարությունն Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին՝ կոչ անելով երկու կողմերին էլ պահպանել այն։

Նիդեռլանդների վարչապետ Դիք Սխոուֆն Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին հայտարարությունը համարել է տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու լավ քայլ։

Ճապոնիան նույնպես ողջունել է Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև լիակատար հրադադարի մասին հայտարարությունը՝ հայտնելով իր «մեծ հույսը», որ այն կհաստատվի։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարն «այժմ ուժի մեջ է» և կոչ էր արել երկու կողմերին չխախտել այն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում