Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներում գրանցվածների աջակցության ծրագրի շահառու է մոտ 30 հազար մարդ
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված և վերջին 3 ամսում փաստացի բնակված քաղաքացիներին պետությունը սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրում է 300 հազարական դրամ. ծրագրի 5 հազար շահառու արդեն ստացել է աջակցությունը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Այդ մասով մենք մոտավոր հաշվարկներով ունենալու ենք մոտ 30 հազար շահառու, որոնցից մոտ 5000-ն արդեն ստացել է աջակցություն, մնացածին էլ այս պահին Արցախի մեր գործընկերների հետ նույնականացնում ենք և յուրաքանչյուր օր այդ մասով նույնպես աջակցություն է տրամադրվում: Յուրաքանչյուր անձի մասով աջակցությունը կազմում է 300 հազար դրամ, ինչպես չափահասներին, այնպես էլ անչափահասներին»,- նշեց Առաքելյանը:
Նա ներկայացրեց մեկ այլ ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ այն անձինք, որոնք պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների պատճառով այս պահին հնարավորություն չունեն բնակվել իրենց տներում: Արցախի քաղաքացիներին այդ ծրագրի շրջանակում տրամադրվում է 250 հազարական դրամ: Նախարարի խոսքով` ծրագրի շահառու դառնալու համար դիմումների ընդունումը կսկսի դեկտեմբերի 25-ից կամ 26-ից:
Կարծիքներ