Արտադպրոցական կենտրոնների համար COVID-19-ի կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ
Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Դպրոցից դուրս գործող զարգացման կենտրոնների, խմբակների, լրացուցիչ կրթության կենտրոնների համար սահմանված նորմերը ենթակա են պարտադիր կատարման։
ՀՀ առողջապահության նախարար 30-ն հրամանով (Հավելված 18), մասնավորապես, սահմանվել է․
Այս հաստատություններում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է դրա տնօրենը: Վերջինիս հրամանով նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։
Հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝
1) դիմակների, ձեռքերի և մակերեսների ախտահանիչ միջոցների առկայությունը,
2) ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջուր, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակ կամ ախտահանման հնարավորություն, օճառ,
3) «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ փակվող աղբամաններ,
4) հեռահար ջերմաչափ։
Հաստատությունում չեն իրականացվում զանգվածային միջոցառումներ՝ ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ եւ այլն։ Ժողովները և հավաքները կազմակերպվում են հեռավար կամ բացօթյա կամ այլ տարածքներում։
Հաստատություն հաճախողների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթափոխով (օրինակ՝ սահմանել սովորողների գալու և գնալու ժամային միջակայք)՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:
Երեխային ուղեկցողը մուտք չի գործում հաստատություն: Մտնելիս և աշխատանքային օրվա կեսին սովորողներն ու աշխատողները ջերմաչափվում են, 37 և բարձր ջերմության դեպքում արդյունքները գրանցվում են գրանցման մատյանում, COVID-19-ին բնորոշ ախտանիշեր ունեցողները մուտք չեն գործում հաստատություն:
Մուտքի մոտ, լսարաններում, սանհանգույցներում, հանդերձարաններում տեղադրվում են ձեռքերի ախտահանման միջոցներ՝ առնվազն 70% սպիրտային հիմքով՝ յուրաքանչյուր մտնողի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:
Կրթությունը կազմակերպվում է բեռնաթափված խմբերով՝ առավելագույնը 16 սովորողի թվով և ապահովելով պարապմունքների ժամանակ սովորողների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն՝ պահպանելով «խաչաձևության» սկզբունքը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին նստեցումը:
Մարզասրահում, պարասրահում պարապմունքների ընթացքում պետք է ապահովել ամեն անձի համար առնվազն 2 քմ տարածություն: Խմբակային մարզումների ժամանակ պետք է խումբը բաժանել մասերի՝ տարածության պահպանման հնարավորություն ստեղծելով:
Հաստատությունը վերաբացելուց 1 օր առաջ և ամեն օրվա ավարտին ընդհանուր մաքրվում և ախտահանվում է հաստատության ողջ տարածքը՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց:
Կարծիքներ